ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԷԹՆԻԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԷԹՆԻԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
23.10.2009 | 00:00

Ժողովրդավարական գործընթացները հետխորհրդային տարածքում հանգեցրին այնպիսի ինստիտուտների ձևավորման, ինչպիսիք են պառլամենտարիզմը, բազմակուսակցականությունը, տարրական ազատությունները։ Այդ գործընթացների տրամաբանությունը պետք է հանգեցնի ազգ-պետությունների ձևավորմանը, այսինքն՝ ունիվերսալիզմի եվրոպական մոդելին։ Այդ մոդելն իսկապես կարող էր դառնալ հիմնական պետական գաղափարախոսություն նորանկախ պետությունների համար և ընդունելի կլիներ նաև գերակայություն ունեցող և չունեցող ազգերի շահերի տեսանկյունից։
Սակայն կա Թուրքիայի օրինակը, ուր արդեն 80 տարի իրականացվում է ազգ-պետություն ձևավորելու էքսպերիմենտը, ընդ որում, հարմարեցված հենց Թուրքիայի պայմաններին։ Արդյունքում, անգամ կայուն գոյություն պահպանող ժողովրդավարական ինստիտուտների պայմաններում, Թուրքիան մնում է ռազմական պետություն, ուր պահպանվում է հետևյալ սկզբունքը. «Վերջին խոսքը միշտ զինվորականներինն է»։ Թուրքիան նախկինի պես ունի ազգային ինքնության արդիական պրոբլեմ և մնացած էթնիկական, կրոնական ու անգամ բնակչության տարածաշրջանային խմբերի լոյալության հիմնախնդիր պետության նկատմամբ։ Թուրքիան շարունակում է մնալ խորապես գաղափարականացված պետություն, ուր լիբերալիզմի առաջխաղացման բոլոր փորձերը ոչ միայն քաղաքական, այլև պետականության ճգնաժամեր են ծնում։ Թուրքական հասարակությունը մշտապես գտնվում է երկրի ներքին կառուցվածքի և պետական գաղափարախոսության նոր ձևերի որոնումներում։ Օրինակ, իսլամական շարժումը Թուրքիայում ոչ այլ ինչ է, քան ներքին պետական կառուցվածքի քաղաքական վերակառուցման փորձ և թուրքական պետության պահպանման ձգտում իսլամական, այդ թվում՝ սոցիալ-կրոնական սկզբունքների ամրապնդման միջոցով։ Բայց օրինաչափ է և այն, որ իսլամական շարժումը Թուրքիայում միշտ հարկադրված է հենվել ազգայնական հավակնությունների ու շահերի վրա, ինչը հանգեցրել է զգուշավորության ոչ միայն Արևմուտքում, այլև իսլամական աշխարհում։ Թուրքիան չի կարող օրինակ դառնալ Կենտրոնական Ասիայի երկրների էթնիկական խնդիրների լուծման համար։ Ճիշտ հակառակը՝ ներքին և արտաքին գործոնների ճնշման արդյունքում էթնոքաղաքական խնդիրները Թուրքիայում գնալով ավելի են արդիականանում։
Ղազախստանում և Ղրղզստանում երկու բնույթի հիմնախնդիրներ կան՝ կայունության ապահովումը և կանխատեսելի հարաբերությունների ձևավորումը էթնիկական խմբերի միջև՝ ապահովելով գերակա ազգերի ժողովրդագրական ու քաղաքական առավելություններն այդ պետությունների ամբողջ տարածքում։ Տաջիկստանը, չնայած Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններին, կողմնորոշված է դեպի պարսկական տարածաշրջանային մեծապետականությունը և իսլամական արժեքները։ Առանց իսլամական ունիվերսալիզմի հազիվ թե հնարավոր լինի պահպանել տաջիկական պետության ամբողջականությունը։ ՈՒզբեկստանում, որը կենտրոնասիական պետությունների շարքում պետականության առավելագույն փորձն ունի, և ուր քաղաքական առումով միշտ իշխել է ուզբեկ ազգը, հավանաբար, ձևավորվում է աշխարհիկ պետության մոդելը, որն իրագործում է պրագմատիկ քաղաքականություն և հավակնում Կենտրոնական Ասիայի լիդերը լինելուն։ ՈՒստի և պետք է փորձի թույլ չտալ էթնիկական հիմնախնդիրների սրումը։ Այս սկզբունքներն անշեղորեն պետք է հանգեցնեն ազգային և կրոնական հանդուրժողականության հաստատման, ազգերի խաղաղ գոյակցության, թեպետ, անշուշտ, վարչաքաղաքական և սոցիալ-տնտեսական որոշակի «նիշաների» գոյության պարագայում։ ՈՒզբեկստանը շատ հեռավոր չափով է հիշեցնում ասիական տիպի ազգ-պետություն։ Մինչդեռ Թուրքմենստանն առայժմ շարունակում է զարգանալ իբրև խիստ փակ հասարակություն, քանի որ նրա զարգացման աստիճանն այնպիսին է, որ կեղծ լիբերալ կամ բուն լիբերալ մոդելների ներդրումը, որոնք իրենց ծաղրանկարային կիրառումն են գտել այլ նորանկախ պետություններում, կհանգեցնի թուրքմենական պետության ապակազմակերպմանը։
Ազգ-պետության մոդելը միակն է այս տարածաշրջանի պետությունների համար, որպեսզի խուսափեն էթնիկական ու տարածաշրջանային անջատականությունից ու պահպանեն իրենց տարածքի ամբողջականությունը։ Ձևականորեն Կենտրոնական Ասիայի և Կովկասի բոլոր պետություններում այս մոդելն ամրագրված է սահմանադրությամբ և դարձել է պետական պաշտոնական գաղափարախոսություն։ Միևնույն ժամանակ բոլոր այս պետությունները բնութագրվում են իբրև էթնոսոցիալական և էթնոքաղաքական հիմնախնդիրներ ունեցող երկրներ։ Այնպիսի գործոններ, ինչպիսիք են շուկայական հարաբերությունները, հողային ռեֆորմը, խղճի ազատությունը և պետության թույլ միջամտությունը տեղական ավանդույթներին ու կյանքի դրվածքին, ինչ-որ իմաստով դրական դեր են խաղում այս կամ այն կոնֆլիկտային իրավիճակների զսպման առումով։ Թեպետ Հարավային Կովկասում էթնիկական հիմնախնդիրներն անհամեմատ ավելի լարված են՝ տարածաշրջանի պատմական զարգացման առանձնահատկությունների հետևանքով և անցյալից մնացած քաղաքական ժառանգության բերումով։ Կենտրոնական Ասիայում այդ խնդիրներն ավելի «խլացված» են, բայց, այնուհանդերձ, չունեն սպառման միտում, ձեռք են բերել կրոնական երանգավորում և շատ կողմերով պայմանավորված են տարածաշրջանի երկրների միջև գոյություն ունեցող հարաբերություններով։ Օրինակ, քիչ թե շատ տանելի են հարաբերություններն ՈՒզբեկստանի և Տաջիկստանի կամ Ղազախստանի և ՈՒզբեկստանի միջև, և դա ազդում է էթնիկական հնարավոր կոնֆլիկտների զսպման վրա։ Միևնույն ժամանակ թուրքմենների և ուզբեկների կամ ուզբեկների և ղրղզների միջև հարաբերություններն ավելի լարված են՝ միջպետական հարաբերություններում առկա համապատասխան խնդիրների պատճառով։ Ընդհանուր առմամբ, էթնիկական գործոնն այս երկրներում կսկսի աճել իր նշանակությամբ, և դա, ինչպես ոչ մի այլ հանգամանք, իր ազդեցությունը կթողնի արտաքին քաղաքական կողմնորոշումների վրա, ինչից էլ կախված է այդ երկրների տնտեսական բարեկեցությունն ու ազգային անվտանգությունը։ Էթնիկական հիմնախնդիրների բերումով այս պետությունները կսկսեն կողմնորոշվել դեպի այս կամ այն համաշխարհային ուժային կենտրոնները։ Միաժամանակ էթնիկ հակամարտությունների մեծ հավանականությունը կհանգեցնի քաղաքական ու տնտեսական հիմնախնդիրների լուծումների որոնմանը Ռուսաստանի հետ համատեղ, քանի որ տարածաշրջանի էթնիկ փոքրամասնությունները շատ առումներով ռուսական կողմնորոշում ունեն։ Կարելի է ենթադրել, որ Կենտրոնական Ասիայի երկրներում չինական ծագում ունեցող բնակչության թվաքանակի մեծացումը, կամ հիմնականում Չինաստանում ապրող որոշ էթնիկական խմբերի ներթափանցումը կհանգեցնեն տարածաշրջանի պետությունների հարկադրյալ կախվածությանը և կողմնորոշմանը դեպի Չինաստան։ Եթե այդ հիմնախնդիրները հաջողվի հիմնականում մարել, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունները կունենան արևմտյան հանրության հետ ինտեգրվելու ավելի լայն հեռանկարներ։ Ընդ որում, հեռանկարային սոցիալ-քաղաքական զարգացման այս կամ այն տարբերակի ընտրությունն ազդեցություն չի ունենա և չի դառնա դեպի Թուրքիան կամ դեպի Իրանը կողմնորոշվելու պատճառ, քանի որ այդ պետությունները չունեն վերոնշյալ խնդիրների լուծման քաղաքական ներուժը։ Այսպիսով, էթնիկական գործոնները շատ կողմերով որոշիչ հանգամանք են ընդհանուր աշխարհաքաղաքական իրադրության ձևավորման և աշխարհաքաղաքական կողմնորոշումների համար։
Ներկայումս Աֆղանստանում տեղի է ունենում հակադիր պայքարի մեջ գտնվող խմբավորումների քաղաքական բովանդակության հստակեցում ու ձևավորում։ Աֆղանստանում ստեղծվում է փուշտուական թեոկրատիկ պետություն, որը որոշակիորեն գտնվում է աշխարհաքաղաքական փակուղում։ Փուշտուների առաջնորդները Աֆղանստանում և Պակիստանում, ուր փուշտուները բնակչության 17 տոկոսը լինելով` թվակազմով գերազանցում են Աֆղանստանում բնակվող իրենց հայրենակիցներին (Աֆղանստանում` 11 մլն, իսկ Պակիստանում՝ 21), հասկանում են, որ փուշտուական էքսպանսիոնիզմի բնական ուղղությունը պետք է լինի Պակիստանը, ուր լայնածավալ բերքաբեր դաշտավայրերում բնակվում է այս ժողովրդի մեծ մասը։ Բայց, միևնույն ժամանակ, դա հասկանում է նաև Պակիստանի ղեկավարությունը, որը, չնայած միջուկային հրթիռների զինանոցին, գիտակցում է, որ կանգնած է պետության փլուզման իրական վտանգի առջև։ Այսօր Պակիստանի խնդիրն է չեզոքացնել Աֆղանստանից եկող վտանգը, քանի որ աֆղանա-պակիստանյան սահմանը Քաբուլը երբևէ չի ճանաչել։ Պակիստանը խնդիր ունի փուշտուների էքսպանսիան դեպի հյուսիս՝ Կենտրոնական Ասիա մղելու։ Միևնույն ժամանակ Պակիստանը նպատակ է դրել Հարավային և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ձևավորել քիչ թե շատ ինքնուրույն աշխարհաքաղաքական «բևեռ»՝ իր գլխավորությամբ։ Հարձակողական ռազմավարությունն Իսլամաբադում դիտարկվում է իբրև պաշտպանության լավագույն ձև, նրա էքսպանսիան իրականացվում է ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Քաշմիրի և Հնդկաստանի այլ իսլամական տարածաշրջանների, Հյուսիսարևմտյան Չինաստանի ու Արևելյան Իրանի ուղղությամբ։ Այդ գործընթացում ներգրավված են անկանոն ռազմական խմբավորումներ, և դա ակնհայտորեն բավարար չէ դրված նպատակին հասնելու համար։ «Թալիբան» շարժումն այսօր ունի միայն 30 հազարանոց բանակ, ինչը բավարար չէ անգամ ՆԱՏՕ-ի ուժերի նկատմամբ Աֆղանստանում հաղթանակ տանելու համար։ Պակիստանն ու «Թալիբան» շարժումը չեն տիրապետում միջոցների նույնիսկ խոշոր բանակային կորպուս ձևավորելու համար, որն ընդունակ կլիներ ճակատային պատերազմ մղել վերոնշյալ ուղղություններից գոնե մեկում։ Այդ իսկ պատճառով գործի է դրվում տեռորի, դիվերսիաների և պարտիզանական պատերազմի մարտավարությունը։ Ներկայումս Պակիստանը խիստ զգուշանում է շեշտադրումներն Աֆղանստանի էթնիկ և տարածաշրջանային հիմնախնդիրների ուղղությամբ տեղափոխելուց, քանի որ այդ պետության մասնատումը մի շարք էթնիկական տարածաշրջանների ինքնաբերաբար կհանգեցնի այդ նույն գործընթացի տարածմանը Պակիստանի վրա, ինչին էլ ձգտում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Այժմ ոչ միայն աշխարհի առաջատար պետությունները, այլև տարածաշրջանի երկրները պատրաստ են դիմադրություն կազմակերպելու պակիստանա-փուշտուական էքսպանսիոնիզմի դեմ։ «Թալիբան» շարժումը բացարձակապես ժողովրդականություն չի վայելում տարածաշրջանում ու գործնականում մեկուսացված է։ Խնդիրն այն է, թե ինչպիսին են կենտրոնասիական երկրների իսլամական կազմակերպությունների ու շարժումների համակրությունները կամ կողմնորոշումները։ Այդ կապակցությամբ կարելի է առաջադրել տարբերակ կամ կանխատեսում, որ Կենտրոնական Ասիայում տեղի կունենա գոյություն ունեցող աշխարհիկ ռեժիմների ինտեգրացիա բավական արմատական իսլամական քաղաքական շարժումների հետ։ «Տաջիկական մոդելը» ցույց տվեց, որ Տաջիկստանի իսլամական ժողովրդավարական կուսակցության համագործակցությունը կառավարության հետ կարող է լինել շատ կառուցողական։ Իսլամիստների հետ իշխանությունը և պատասխանատվությունը կիսելը ոչ միայն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, այլև պետության ու ազգի անվտանգության առումով, անկասկած, կհանգեցնի կոսմոպոլիտական իսլամի վերածմանը ազգային իսլամի։ Ռազմաքաղաքական իրավիճակն Աֆղանստանում, փուշտուական ռեժիմի հետ կապված ամենաթողությունն ու էթնիկական զտումները հանգեցրել են քաղաքականության, իսլամական գաղափարների և անվտանգության հիմնախնդիրների վերարժևորման։ ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն արդեն քայլեր է ձեռնարկել ուզբեկական իսլամական շարժման հետ երկխոսություն հաստատելու համար։ Կենտրոնասիական երկրներում իսլամական ժողովրդավարության կառուցման գործում մեծ դեր կարող է խաղալ Իրանը։ Սակայն հարկ է նկատել, որ տարածաշրջանում իրանական մոդելի ներդրումը, անգամ սահմանափակ ձևով, կարող է հանգեցնել Իրանի դերի ու ազդեցության կտրուկ մեծացմանը և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միաժամանակյա դուրսմղմանը տարածաշրջանից։ Բացի այդ, Իրանի նկատմամբ որոշակի դեր կարող են խաղալ ազգայնական-բողոքական տրամադրությունները հատկապես ՈՒզբեկստանում և այլ թուրքալեզու պետություններում։ Հավանաբար, Իրանի ազդեցությունն ու ներկայությունը Տաջիկստանում անշեղորեն աճելու է այդ ֆարսալեզու երկրում ցանկացած քաղաքական զարգացումների պարագայում։ Կրոնական պետության կամ նույնիսկ դրա չափավոր մոդելի կիրառումը ժամանակակից պայմաններում բավական վտանգավոր խաղ է, և երաշխիքներ չկան, որ դա հնարավորություն կտա չեզոքացնելու էթնիկական պրոբլեմները։ Հարկ է գիտակցել, որ էթնիկական հիմնախնդիրները Կենտրոնական Ասիայի երկրներում շատ կողմերով պայմանավորված են ոչ թե անջատականությամբ, այլ առանձին էթնոսների հավակնություններով` տվյալ երկրում ամբողջական իշխանության հասնելու կամ այդ իշխանությունից մաս ձեռքբերելու։ Այսինքն՝ ըստ էության, տեղի է ունենում էթնիկական էլիտաների պայքար։ Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում տարածաշրջանի երկրների համար պետականության առավել ընդունելի մոդելը լինի արաբական պետությունների մեծամասնության կառուցվածքի ընդօրինակումը, որոնք, լինելով աշխարհիկ հանրապետություններ, սահմանադրության մեջ ներառել են նաև շարիաթի սկզբունքները։
Պակիստանի ազդեցության դրսևորմանը զուգահեռ` ապակառուցողական իրավիճակ ստեղծելու մեջ լուրջ դեր է խաղում Սաուդյան Արաբիան։ Առաջին հայացքից սա այլ թեմա է, բայց վստահությամբ կարելի է պնդել, որ այս դեպքում խոսքն ավելի գլոբալ խնդրի մասին է, քան Պակիստանի նպատակներն են։ Խոսքը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ համաշխարհային իսլամական կայսրություն ստեղծելու մասին է։ Այս բացարձակապես անիրատեսական նպատակները հասկանում են Իրանում, Թուրքիայում, Պակիստանում և առաջատար արաբական երկրներում։ Մինչ օրս, բացառությամբ այն իրավիճակների, երբ Սաուդյան Արաբիայի շահերը համընկել են Թուրքիայի շահերին, ոչ մի խոշոր իսլամական պետություն չի միավորվել Էր-Ռիադի հետ այդ նպատակի իրագործման շուրջ։ Օրինակ, Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերականգնումն ու նորմալացումը որոշակի հրապուրվածություն ու էնտուզիազմ ծնեց Իրանում, սակայն կարճ ժամանակ անց Թեհրանում գիտակցեցին, թե որքան աղետալի է իրենց համար Էր-Ռիադի ծրագիրը (նույնպիսի հիասթափություն Իրանն ապրեց Պակիստանի քաղաքականությունը տեսնելով, որն ուղղակի Իրանի շահերի ու անվտանգության դեմ է ուղղված)։ Սակայն հարկ է հաշվի առնել, որ Կենտրոնական Ասիայի ժողովուրդների համար Պակիստանը, իբրև գործընկեր ու «Թալիբան» շարժման հովանավոր, ավելի վտանգավոր է և ֆինանսական առումով բացարձակապես ոչ գրավիչ` ի տարբերություն Սաուդյան Արաբիայի։ Այս արաբական պետության մասին կենտրոնասիական ժողովուրդների պատկերացումներն ավելի վերացական են, ուստի նրա նպատակները չեն գնահատվում իբրև վտանգավոր։ Այս հանգամանքը և Սաուդյան Արաբիայի մշտական հովանավորությունը թույլ են տալիս այս երկրներին` ոչ քիչ միջոցներ ձեռք բերել։ Սակայն, այսպես թե այնպես, արաբական այս պետության քաղաքականությունը, որը, ի դեպ, ուժեղ ռազմական տերություն չէ, բախվելու է Կենտրոնասիական տարածաշրջանի երկրների ազգայնականության հավակնություններին։ Այս փորձը լավ ուսումնասիրել են ամերիկացիները, որոնք վերջին ժամանակներս հետաքրքրված են նրանով, թե ինչպես կարելի է չեզոքացնել իսլամական արմատականությունից բխող վտանգները էթնիկական ազգայնականությամբ։ Բացի դրանից, էթնիկական ազգայնականության հզորացումը կենտրոնասիական տարածաշրջանը կդարձնի ավելի կառավարելի և առիթ ու պայման կդառնա ավելի նշանակալի արտաքին միջամտության համար։
Կենտրոնական Ասիայում ձևավորված էթնոքաղաքական իրավիճակը, ներառյալ Աֆղանստանը, չի կարող իր ազդեցությունը չթողնել տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների ճակատագրի վրա։ Թեպետ տարածաշրջանի երկրները ջանքեր են գործադրում թուլացնելու այս գործոնի ազդեցությունը։ Սակայն էթնիկ հիմնախնդիրներն ակտիվորեն համադրվում են կրոնական պրոբլեմների հետ, և վաղ թե ուշ, դա կարող է հանգեցնել կենտրոնասիական պետությունների մասնատման։ Հարցն այն է, թե ինչ արտաքին ուժեր են կառավարելու կամ օգտագործելու այդ գործընթացները։ Կան բազմաթիվ նախանշաններ, որ ԱՄՆ-ը մտադիր է Աֆղանստանը և Պակիստանը բաժանել մի քանի ոչ մեծ պետությունների, և հաջողության դեպքում այդ քաղաքականությունը կարող է տարածվել նաև Կենտրոնական Ասիայի այլ պետությունների ու նրանց հարևան երկրների վրա։ Ներկայումս ԱՄՆ-ը փորձում է «շաղկապել» Կենտրոնական Ասիան Պակիստանին ոչ միայն անվտանգության առումով, այլև Հարավային և Կենտրոնական Ասիայում էթնիկ ազգայնականության քաղաքական հեռանկարներից ելնելով։ Կենտրոնասիական երկրները, չնայած բազմաթիվ տնտեսական ու քաղաքական խնդիրներին, մեծ դիմադրություն ցույց տվեցին և անկառավարելի եղան արտաքին միջամտությունների ու ռազմավարությունների կիրառման առումով։ ԱՄՆ-ն այս տարածաշրջանում գնալով իրեն ավելի անհարմար է զգում։ Միջէթնիկական իրավիճակի լարումը նպաստավոր հանգամանք է նաև տարածաշրջանի երկրներում չինացիների բնակեցման առումով Չինաստանի էքսպանսիայի տեսանկյունից։ Համարժեք պրոբլեմներ կարող են առաջանալ նաև Ռուսաստանի համար, այդ թվում՝ Կենտրոնասիական տարածաշրջանից ռուսալեզու բնակչության վերջնական արտահոսքի, ռուսական մշակութային և այլ ներկայությունն այդ տարածաշրջանում գործնականում չեզոքացնելու ճանապարհով։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2711

Մեկնաբանություններ